Հունիսի 2-ին կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի Լեռնադահուկային սպորտի և Սնոուբորդի Կոմիտեների հերթական նիստը։ Նիստում ողջույնի խոսքով, ինչպես նաև մայիսի 25-26-ը Իտալիայի Միլան քաղաքում կայացած դահուկային սպորտի և սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի Կոնգրեսի մասնակցության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
Նիստում քննարկվել է ֆեդերացիայի բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերի նախապատրաստական շրջանի նոր մարզումային համակարգի ներդրման հարցն, ինչպես նաև ըստ անցյալ մրցաշրջանում ցույց տված արդյունքների՝ հավաքական թիմերի ընդլայնված կազմերը։
Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ու լեռնադահուկային սպորտի Կոմիտեի նախագահ Արսեն Ներսիսյանը ներկայացրել են համակարգի սկզբունքները, ձևաչափը և իրագործման մեխանիզմները, որոնց արդյունքները ստուգվելու են որոշակի պարբերականությամբ անցկացվող ուսումնամարզական հավաքների ընթացքում՝ թեստային ձևաչափով։
Արսեն ներսիսյանը նիստի մասնակիցների քննարկմանը ներկայացրել է թեստային համակարգում ընդգրկված նորմատիվային վարժությունները, որից հետո տեղի ունեցած ծավալուն քննարկման արդյունքում որոշում է կայացվել ընդունելով հնչեցված առաջարկությունները՝ վերամշակել և հուլիսի առաջին տասնօրյակում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնել նոր ձևաչափով։
Նիստում հաստատվել են նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի տարբեր տարիքային խմբերի հավաքական թիմերն ընդլայնված կազմերով։