Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը որակավորման փուլում կմենամարտի ուկրաինացի Յելմիր Բավիևի հետ: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում: Նույն մրցահերթում, բայց B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:
Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ:
Հիշեցնենք՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կտևի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ:
Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:
Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: