«Բավարիան» կարող է ձեռք բերել «Շտուտգարտի» ֆուտբոլիստին՝ որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Մյունխենյան ակումբը չի ցանկանում բաց թողնել 33-ամյա լեհ խաղացողին, քանի դեռ նրա պայմանագրի ժամկետը չի ավարտվի 2023 թվականի ամռանը։ Սակայն եթե մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» առաջարկի 35-40 միլիոն եվրո, ապա Գերմանիայի չեմպիոնները կարող են և համաձայնվել։
Ըստ Sport Bild-ի՝ Լևանդովսկուն փոխարինելու տարբերակներից մեկը հարձակվող Սաշա Կալայջիչն է։ Սաշան վաղուց է գտնվում գերմանական գրանդի տրանսֆերային ցուցակում, «Բավարիայի» ղեկավարներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նրա նկատմամբ, իսկ վերջին շրջանում ակտիվացել են բանակցությունները խաղացողի գործակալի և ակումբի միջև։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ավստրիացին Բունդեսլիգայի 14 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ նախորդ մրցաշրջանի 33 խաղում՝ 16 գոլի։ Հարձակվողը «Շտուտգարտի» լավագույն ռմբարկուն է առաջնության վերջին երկու մրցաշրջաններում: