Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը:
Բուլղարիայում ընթացող ստուգատեսի 1/4 եզրափակիչում 67 կգ քաշային Արես Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Մեր մարզիկը տակտիկապես գրագետ մենամարտ անցկացրեց ու բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:
Հայաստանն այսօր ևս 4 մասնակից կունենա քառորդ եզրափակչում:
51 կգ քաշային Արեն Ասլամազյանը քառորդ եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը կմրցի անգլիացու հետ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանի մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող բռնցքամարտիկը, իսկ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը կմենամարտի չեռնոգորցի բռնցքամարտիկի հետ:
























































