Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) անդրադարձել է Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի և օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանին և նրա որդուն՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանին, ով Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել 60 կգ քաշայինների եզրափակիչ։
UWW-ն զուգահեռներ է անցկացրել Արմեն և Էդմոնդ Նազարյանների գոտեմարտերի միջև՝ տեսանյութ հրապարակելով․
«Ինչպես հայրը, այնպես էլ՝ որդին»,- գրել է UWW-ն․
Էդմոնդ Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8-1 հաշվով հաղթել է հունգարացի Էրիկ Տորբային։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3-1 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ժորա Աբովյանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10-1 հաշվով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանին։
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Արմեն Նազարյանի որդին կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։