Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն երեկոյան 16:40-ից սկսած: Արդեն հայտնի են մերոնց մրցակիցները:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ևս ½ եզրափակչում կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ:
77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ կիսաեզրափակչում կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ:
Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 1:5 հաշվով զիջել է ադրբեջանցի Բեկա Կանդելակիին:
Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Օվասափյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: