Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար.
«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար,սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- գրել է 22-ամյա ըմբիշը:
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:
22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի պատմության առաջին ազատ ոճային ըմբիշը, որը նման արդյունք է գրանցում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մանվել Խնձրցյանը: