Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները:
Առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ: Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակցույցի:
Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման հետ կապված հարցեր: Մասնավորապես, Կարապի լճի հարակից տարածքում կստեղծվի ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան: