Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արտասահմանցի խաղացողներին և մարզիչներին թույլ է տվել միակողմանիորեն դադարեցնել պայմանագրերը ռուսական ակումբների հետ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Պայմանագրի կասեցումը կնշանակի, որ խաղացողը կամ մարզիչը «պայմանագրից դուրս է» մինչև 2022 թվականի հունիսի 30-ը և կարող է համաձայնության գալ այլ ակումբի հետ՝ առանց ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների։
«Օտարերկրացի խաղացողների և մարզիչների Ռուսաստանից հեռանալը հեշտացնելու համար, եթե Ռուսաստանի ֆուտբոլային միությանը (ՌՖՄ) պատկանող ակումբները փոխադարձ համաձայնության չգան իրենց արտասահմանցի խաղացողների և մարզիչների հետ մինչև 2022 թվականի մարտի 10-ը, և եթե այն գրավոր համաձայնեցված չլինի՝ օտարերկրյա խաղացողներն ու մարզիչները իրավունք կունենան միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը ՌՖՄ-ին առնչվող ակումբների հետ մինչև Ռուսաստանում մրցաշրջանի ավարտը (2022 թ. հունիսի 30)»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։
Այսինքն, ՖԻՖԱ-ն թույլ կտա Ռուսաստանի առաջնություններում հանդես եկող արտասահմանցիներին մինչև 2022 թվականի հունիսը դադարեցնել աշխատանքային պայմանագրերը և տեղափոխվել այլ առաջնության ակումբ։ Սակայն հունիսին ներկայիս պայմանագրերը կրկին ուժի մեջ կմտնեն, և խաղացողը կհամարվի նախկին (ռուսական) ակումբի խաղացող։