Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանն ասում է՝ ամեն ինչ անելու է նախորդ տարվա հաջողությունն այս անգամ ևս կրկնելու համար:
Արսենն այն 10 ըմբիշներից մեկն է, ովքեր փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում պայքարելու են Եվրոպայի 2020 թվականի առաջնության մեդալների համար.
«Շատ լավ եմ տրամադրված, մարզավիճակս շատ լավ է: Ով մտածում էր՝ նախորդ տարի միամիտ եմ չեմպիոն դարձել, այս անգամ կտեսնի՝ այդպես չէ:
Լավ հավաքներ եմ անցել, մարզիչների շնորհիվ գտնվում եմ իմ լավ մարզավիճակում»,- խոստովանում է երիտասարդ ըմբիշն ու նշում՝ ԱԱ-ից հետո լիովին վերականգնվել է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն.
«Թե՛ վնասվածքներից եմ վերականգնվել, ու թե՛ հոգեբանական բոլոր խնդիրներն են մնացել անցյալում: Մոռացել եմ՝ ինչ է կատարվել աշխարհի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Նոր փուլ է սկսվում է: Մտադիր եմ շատ լավ հանդես գալ»,- եզրափակում է իր խոսքը Արսեն Հարությունյանը: