Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Էվերթոն» տեղափոխվելը: Մերսիսայդցիները նրան վարձակալել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը.
«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ: Ֆուտբոլի մասին մեր պատկերացումները համընկնում են և նա լրջորեն ազդեց իմ որոշման վրա: Ես խաղացել եմ նրա դմե, երբ «Այաքսում» էի, իսկ նա՝ «Չելսիում» (որպես մարզիչ), այդ իսկ պատճառով նա ինձ ճանաչում է: Նա կարծում է, որ ես ունեմ այնպիսի որակներ, որոնք թիմին կօգնեն:
Շատ բան եմ սովորել Լեմպարդից, քանի որ նա գրեթե նույն դիրքում է խաղացել՝ կիսապաշտպանության խաղացող, որը շատ գոլեր է խփել»,- վան դե Բեկի խոսքերն է փոխանցում «Էվերթոնի» պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում վան դե Բեկը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Կիսապաշտպանը 2020 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ուր տեղափոխվել է «Այաքսից» 39 մլն եվրոյի դիմաց: Վան դե Բեկի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը:
























































