2022 թվականը բավականին հագեցած է մարզական իրադարձություններով՝ Աշխարհի, Եվրոպայի և այլ աշխարհամասերի առաջնություններ գրեթե բոլոր մարզաձևերից, բազմաթիվ միջազգային մրցաշարեր և Գրան պրիներ։ Բոլոր մրցաշարերին մանրամասն չենք անդրադառնա, բայց այսօր կդիտարկենք ամենակարևոր իրադարձություններն ու այն մրցաշարերը, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Միակ գլխավոր խոչընդոտն այս մրցաշարերի անցկացման համար կարող է հանդիսանալ COVID-ը, սակայն, հուսով ենք, որ այս չարաբաստիկ «երևույթը» վերջապես կնահանջի և բոլորս նորից լիարժեք կկենտրոնանք մեր առօրյա գործունեության վրա՝ ուսում, աշխատանք և այլն, իհարկե, զուգահեռաբար վայելելով նաև մեր սիրելի մարզաձևերի մրցաշարերը։ Ստորև ներկայացված մրցաշարերի ժամանակցույցը վերցված է տարբեր աղբյուրներից, որոշ մարզաձևերի օրացույցը դեռ հստակեցված չէ, իսկ, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, չի բացառվում, որ մի քանի մրցաշարերի ժամկետներ կամ կարող են փոխվել, կամ՝ ընդհանրապես չեղարկվել ու հետաձգվել։
Երկու խոշոր մրցաշար արդեն ընթացքի մեջ է․ Դակարի ռալլիի մրցաշարում արդեն կայացել է մի քանի փուլ, իսկ Աֆրիկայի Ազգերի գավաթը օրերս է մեկնարկել։ Ի դեպ, այս մրցաշարի վերաբերյալ ArmSport-ի պատրաստած հոդվածին կարող եք կարդալ այստեղ։
Դե ինչ, սկսենք․․․
🏆 Գեղասահքի Եվրոպայի և Աշխարհի առաջնություն
⏳ ԵԱ․ Հունվարի 10-16
⏳ ԱԱ․ Մարտի 21-27
Եվրոպայի առաջնությունն արդեն մեկնարկել է և անցկացվում է Տալլինում, որտեղ հունվարի 18-23 կկայանա նաև Չորս մայրցամաքների առաջնությունը։ Մեդալներ կշնորհվեն տղամարդկանց մենասահքում, կանանց մենասահքում, զույգեր և պարեր կատեգորիաներում: Մրցաշարում կսահմանվեն բոլոր ֆեդերացիաների քվոտաները 2023 թվականի Եվրոպայի առաջնության: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
Իսկ ահա Աշխարհի առաջնությունը կկայանա Ֆրանսիական Մոնպելյեում՝ մարտի 21-ից 27-ը։
🏆 Ձմեռային Օլիմպիական խաղեր
⏳ Փետրվարի 4-20
Հեռու չգնանք ձմեռային մրցաշարերից․ առջևում տարվա կարևորագույն մարզական իրադարձություններից մեկն է՝ Ձմեռային Օլիմպիական խաղերը։ Մրցաշարը կանցկացվի Պեկինում, և այս մրցաշարի շուրջ վերջին ժամանակներս բավականին շատ սկանդալներ են կուտակվել, որոշ երկրներ սպառնում են դիվանագիտական բոյկոտներով, բայց դա այսօրվա մեր քննարկելու թեման չէ։ Մրցաշարն այս պահի դրությամբ կանցկացվի ըստ նախատեսվածի: Ի դեպ, առաջին անգամ մրցաշարը կանցկացվի մի քաղաքում, որտեղ նախկինում անցացվել է նաև ամառային Օլիմպիական խաղեր։
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում անցկացվող գեղասահքի վարկանիշային մրցաշարի արդյունքում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել։ Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում։
Մարտի 4-13-ը կկայանան Պարալիմպիկ ձմեռային խաղերը՝ կրկին Պեկինում։
Մայիսին մարզական մեծ տոն է սպասվում արդեն Հայաստանում։ Երևանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Ըստ նախնական կանխատեսման՝ 40-42 երկրի մոտ 300 մարզիկ կժամանի Հայաստան ու կմասնակցի մայրցամաքի գլխավոր ստուգատեսին։ Մանրամասներն՝ այստեղ։ Մրցաշարը կանցկացվի 2022 թվականի մայիսի 21-31-ը։ Հայաստանն այս մրցաշարի անցկացման իրավունքի համար պայքարել է Ռուսաստանի և Իսպանիայի հետ ու ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթող ճանաչվել։ Առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
«Անգամ Խորհրդային տարիներին նման միջոցառում ՝ նման մակարդակի ու մասշտաբների, Երևանում չի կայացել»․ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան:
Ծանրամարտ
Ծանրամարտի 2022թ Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել չինական Չունցինում, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում (դեռ հաստատված չէ)։ Չինաստանը վերջին անգամ Աշխարհի առաջնությունն անցկացրել էր 1995 թվականին, երբ մրցաշարն ընդունեց Գուանչժոուն։ Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է 1896 թվականից, պետք է կայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ապրիլ ամսին։ Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա Մեքսիկայում հունիսի 11-ից 18-ը, իսկ Եվրոպայինը՝ Ռուսաստանում (նախնական՝ սեպտեմբերի 1-15-ը)։ Եվրոպայի Մ23 առաջնությունը կկայանա Ալբանիայում․ մրցաշարի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։
Ըմբշամարտ
Ըմբշամարտի ԱԱ-ն նախատեսված է անցկացնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, սեպտեմբերի 10-ից 18-ը։ Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 17-ից 23-ը, Իսպանիայում։ Եվրոպայի առաջնությունը, Մ20 առաջնությունը՝ Սոֆիայում (Բուլղարիա)՝ օգոստոսի 15-ից 21-ը։
Եվրոպայի առաջնությունը կկայանա Բուդապեշտում (Հունգարիա)՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը։ Իսկ մինչ այդ կկայանա Մ23 ԵԱ-ն՝ բուլղարական Պլովդիվ քաղաքում՝ մարտի 7-ից 13-ը։ Մ20 առաջնությունը՝ Հռոմում (Իտալիա)՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը։
Մայիսի 19-ից 22-ը Երևանում կկայանա Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի միջազգային մրցաշարը։
Մարմնամարզություն
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կկայանա Մեծ Բրիտանիայում, Լիվերպուլ քաղաքում: Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը։ Իսկ ահա Եվրոպայի առաջնությունը կկայանա գերմանական Մյունխենում` օգոստոսի 12-ից 21-ը։
2022 թվականին գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 12-ից 18-ը Սոֆիայում (Բուլղարիա)։
Շախմատ
Շախմատի թիմային Աշխարհի առաջնութունը պետք է կայանա Երուսաղեմում (Իսրայել)․ մրցաշարի անցկացման ժամկետներն, ըստ FIDE-ի կայքի, դեռ հստակեցված չեն։ Համաշխարհային Օլիմպիադան կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 8-ը, Մոսկվայում։
Այլ մրցաշարեր (շախմատ)
Եվրոպայի տղամարդկանց առաջնություն․ մարտի 25-ապրիլի 4․ Տերմե-Չատեժ (Սլովենիա)
Հավակնորդների մրցաշար․ հունիսի 16-հուլիսի 7․ Մադրիդ (Իսպանիա)
Եվրոպայի կանանց առաջնություն․ օգոստոսի 20-31․ Պրահա (Չեխիա)։
Մարզական այլ իրադարձություններ
🏆 Հանդբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնություն
⏳ Հունվարի 13-30
🏆 Հանդբոլի կանանց Եվրոպայի առաջնություն
⏳ Նոյեմբերի 4-20
Տղամարդկանց մրցաշարին, որը անցկացվելու է Հունգարիայում և Սլովակիայում, կմասնակցի 24 հավաքական։ Գործող չեմպիոնը Իսպանիան է։ Կանանց, արդեն թվով 15-րդ մրցաշարը պետք է անցկացվի միանգամից երեք երկրներում՝ Սլովենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Չեռնոգորիայում։
🏆 Մեծ Սաղավարտի մրցաշար․ թենիս
⏳ հունվարի 17-30
Մրցաշարը կկայանա Ավստրալիայում։ Գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Նաոմի Օսական։ Բայց կկարաողանա՞ արդյոք սերբ թենիսիստը պաշտպանել տիտղոսը՝ դեռ հարցական է։ Հիշեցնենք, որ մարզիկը վերջերս հայտնվել էր սկանդալի մեջ՝ Ավստրալիա մուտք գործելու համար վիզա ստանալու հետ կապված։
🏆 Հոկեյի Աշխարհի առաջնություն
⏳ Մայիսի 13-29
Մրցաշարը կկայանա Ֆինլանդիայում, որտեղ մայիսին կհավաքվեն բոլոր ուժեղագույն հավաքականները։
🏆 Ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնություն
⏳ Մայիսի 13-29
Մրցաշարը պետք է կայանար 2021 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հետաձգումից և մրցումների օրերի համընկնումից հետո ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը տեղափոխվեց 2022 թվական։
🏆 Եվրագավաթների եզրափակիչներ
⏳ ԵԼ․ Մայիսի 18
⏳ ԿԼ․ Մայիսի 25
⏳ ՉԼ․ Մայիսի 28
Տիրանայում (Ալբանիա) կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը, Սևիլյայում կկայանա Եվրոպա Լիգայի եզրափակիչը, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Չեմպիոնների Լիգայի։
🏆 Ուիմբլդոն 2022
⏳ Հունիսի 27 — հուլիսի 10
Ուիմբլդոնի 2021թ մրցաշարում Նովակ Ջոկովիչը և Էշլի Բարթին հաղթել են տղամարդկանց և կանանց մենախաղում, և շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք նրանք կարող են պահպանել իրենց տիտղոսները:
🏆 Աթլետիկայի Աշխարհի առաջնություն
⏳ Հուլիսի 15-24
Մրցաշարը կկայանա Օրեգոնում, ԱՄՆ: Այն ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի օգոստոսի 6-15-ը։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի ԱՄՆ-ում։ Այս երկրի հավաքականը նաև առաջին տեղն է զբաղեցրել վերջին մրցաշարի մեդալային հաշվարկում։
🏆 Ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնություն
⏳ Հուլիսի 6-31
Եվրոպայի կանանց հավաքականների համար սա կլինի 13-րդ առաջնությունը։ Մրցաշարը կկայանա Անգլիայում․ այն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2021 թվականի ամռանը։
🏆 Վոլեյբոլի Աշխարհի առաջնություն
⏳ Օգոստոսի 26 — սեպտեմբերի 11
Առաջին անգամ մրցաշարը կհյուրընկալի Ռուսաստանը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Լեհաստանի հավաքականն է։
🏆 Բասկետբոլի Եվրոպայի առաջնություն
⏳ Սեպտեմբերի 1-18
Առաջնությունը, ինչպես միշտ, կհյուրընկալվի չորս երկրների կողմից՝ Գերմանիա, Վրաստան, Չեխիա, Իտալիա։ Սլովենիան առաջնության գործող չեմպիոնն է։
🏆 Վոլեյբոլի կանանց Աշխարհի առաջնություն
⏳ Սեպտեմբերի 23 — հոկտեմբերի 15
Նիդեռլանդներում և Լեհաստանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն 24 հավաքականներ։ Ճապոնիայում 2018 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթող է ճանաչվել Սերբիան։
Այլ մրցաշարեր
Փետրվարի 3-12. ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն 2021 (ԱՄԷ)
Մարտի 6. Տոկիոյի մարաթոն (աթլետիկա)
Մարտի 4-3. Կրիկետի կանանց Աշխարհի առաջնություն (Նոր Զելանդիա)
Ապրիլի 1-3․ Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն (Սոֆիա, Բուլղարիա)
Ապրիլի 18. Բոստոնի մարաթոն (ԱՄՆ)
Ապրիլի 24. Լոնդոնի մարաթոն (Անգլիա)
Մայիսի 6-29. Ջիրո դ’Իտալիա (հեծանվավազք) Հունգարիայում և Իտալիայում
Մայիսի 22-հունիսի 5. Ռոլան Գարոս․ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնություն (Փարիզ, Ֆրանսիա)
Հունիսի 2-19 (կոնկրետ ամսաթիվը դեռ հստակ չէ). NBA-ի եզրափակիչներ
Հունիսի 11-12. Լե Մանի 24 ժամ ավտոմրցաշար (Լե Ման, Ֆրանսիա)
Հուլիսի 1-24. Տուր դե Ֆրանս (հեծանվավազք): Դանիա և Ֆրանսիա
Օգոստոսի 19-սեպտեմբերի 11. Vuelta de España (հեծանվավազք) — Իսպանիա
Օգոստոսի 29-սեպտեմբերի 11. Թենիսի ԱՄՆ բաց առաջնություն (Նյու Յորք, ԱՄՆ)
Օգոստոսի 27-սեպտեմբերի 10․ Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն։ Սպլիտ (Խորվաթիա)
Հոկտեմբերի 8-նոյեմբերի 12. Ռեգբիի աշխարհի գավաթ (Նոր Զելանդիա)
Հոկտեմբերի 9․ Չիկագոյի մարաթոն (աթլետիկա) — ԱՄՆ
Ամսաթվերը դեռ հստակեցրած չեն. Թենիսի Դևիսի գավաթի եզրափակիչ
Ամսաթվերը դեռ հստակեցրած չեն. ATP եզրափակիչ, Թուրին, Իտալիա
Եվ վերջում, «տորթի վրայի բալը»՝ Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, որը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում։ Տարվա գլխավոր մարզական իրադարձությունը ոչ միայն առաջին անգամ կկայանա Մերձավոր Արևելքում, այլ նաև առաջին անգամ կանցկացվի ձմռանը։
Քանի որ տարածաշրջանում ամռանը շատ շոգ է, որոշվել է մրցաշարն անցկացնել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին՝ նախապես որոշված մայիս-հունիսի փոխարեն։
Մրցաշարին կմասնակցեն 32 երկրների ազգային հավաքականներ, որոնցից շատերն արդեն հայտնի են։ Մանրամասներն՝ այստեղ։ Այս մրցաշարի մասին այսօր մանրամասն չենք խոսա․ ԱԱ-2022-ին հետագայում կանդրադառնանք առանձին նյութով։
Դե ինչ, ինչպես տեսանք, այս տարին բավականին հագեցած է հետաքրքիր մարզական իրադարձություններով, իսկ մենք առավելագույնս կփորձենք լուսաբանել տարվա սպորտային անցուդարձը։ Կարդացե’ք ArmSport, առողջ եղեք․․․