Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են 17-րդ տուրի մի շարք հանդիպումներ։ «Արսենալը» ընդունել է «Վեսթ Հեմին» ու հաղթել 2-0 հաշվով: Երկու գոլերն էլ տանտերերը խփեցին երկրորդ խաղակեսում։
48-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին առաջ մղեց «Արսենալին» հաշվի մեջ։ 67-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Վլադիմիր Ցոուֆալը, իսկ երկու րոպե անց Ալեքսանդր Լակազետը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Հանդիպման վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Էմիլ Սմիթ-Ռոուն։ «Արսենալը» վաստակեց 29 միավոր՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Վեսթ Հեմին», որը նահանջեց 5-րդ հորիզոնական։
«Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրայթոնին» 1:0 հաշվով: Միակ գոլը 45-րդ րոպեին խփեց Ռոմեն Սայսը։
«Քրիսթալ Փելասը» և «Սաութհեմփթոնը» կիսեցին միավորները՝ խաղալով ոչ-ոքի՝ 2-2: 2-րդ րոպեին Վիլֆրիդ Զահան առաջ մղեց տանտերերին, սակայն ընդմիջումից առաջ Ջեյմս Ուարդ-Պրաուզն ու Արմանդո Բրոյան արդեն առաջ մղեցին հյուրերին։ Ջորդան Այուն փրկեց տանտերերին պարտությունից. գանացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 65-րդ րոպեին։
«Վուլվերհեմփթոնը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։ «Բրայթոնն» ունի 20 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։ Նույնքան միավորով «Քրիսթալ Փելասը» 11-րդն է, իսկ «Սաութհեմփթոնը» 17 միավորով 15-րդն է։