Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զահավին կիսվել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։
«Ռոբերտը դեռ երկար կխաղա: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել եմ իմ կյանքում: Նա դեռ կնվաճի «Ոսկե գնդակը»:
Եթե France Football-ը նրան շնորհի 2020 թվականի մրցանակը, մենք շնորհակալություն կհայտնենք: Լևանդովսկին արժանի է լինել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա պատմության լավագույն ռմբարկուների թոփ 2-ում կամ թոփ 3-ում է:
Կարծում եմ, որ Ոսկե գնդակի քվեարկության համակարգը արժե վերանայել: Թերևս 170 լրագրողներից ոչ բոլորն են հասկանում ֆուտբոլից», — Զահավի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ին։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2021»-ի մրցանակակիր է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով քվեարկության արդյունքում վաստակել է 613 միավոր։ Լևանդովսկին 580 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդը «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն էր (460):