VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում թիմերը պատրաստվում են գնալ ձմեռային ընդմիջման։ Դեկտեմբերին «Արարատը» երկու հանդիպում կանցկացնի։ Ակումբի մամուլի ծառայությունն անդրադարձել է վաղը՝ ԲԿՄԱ-ի դեմ կայանլիք խաղին։
Դեկտեմբերի 4-ին Վարդան Բիչախչյանի թիմը սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ 11-ին կմրցի «Փյունիկի» հետ։
«ԲԿՄԱ-ի հետ «Արարատը» այս մրցաշրջանում կհանդիպի երկրորդ անգամ։ Սա 16-րդ տուրի նախավերջին հանդիպումն է։ Առաջին խաղում Յակուբա Սիլուեի և Իսահ Ալիյուի գոլերը հաղթական էին պարգևել «արարատցիներին»։
ԲԿՄԱ-ն, որն այս մրցաշրջանում առաջին անգամ է մասնակցում VBET Հայաստանի Պրեմիեր լիգային, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 13 խաղից հետո «բանակայինները» 11 պարտություն են կրել ու տարել երկու հաղթանակ։ Հատկանշական է, որ ԲԿՄԱ-ն 2 շաբաթից ավել պաշտոնական խաղ չի անցկացրել։ Վերջին հանդիպումը ԲԿՄԱ-ն անցկացրել է նոյեմբերի 17-ին՝ 0-5 հաշվով պարտվելով «Ուրարտուին»
«Արարատը» վերջին տուրում պարտություն կրեց «Ալաշկերտից» և ընդհատեց 5 անպարտելի խաղերի շարքը։ Սա մի փոքր խառնեց մրցաշարային աղյուսակում թիմի ծրագրերը։ Այնուամենայնիվ, առաջիկա երկու խաղերում հաղթանակի դեպքում ձմեռային դադարի «Արարատը» կարող է գնալ երկրորդ հորիզոնականից հետ մնալով երկու միավոր։
Իհարկե, մրցաշրջանի այս փուլում թիմի համար շատ կարևոր էր Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալը․ խնդիրը Բիչախչյանի ֆուտբոլիստները շատ վստահ կատարեցին՝ քառորդ եզրափակչում հաղթելով «Նոային»։
«Արարատ»-ԲԿՄԱ խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։
Հանդիպումը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Խաղի ՀՖՖ պատվիրակն է Նորայր Զորյանը։
Հանդիպումը հնարավոր կլինի դիտել ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով և VMEDIA հեռուստաալիքով»,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը։