«Բենֆիկայի» նախագահ Ռույ Կոշտան խոսել է Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Բելենենսեշի» դեմ ժամանակից շուտ դադարեցված խաղի մասին.
«Ցավում եմ նրա համար, ինչ տեղի ունեցավ այսօր: Սա սև էջ էր պորտուգալական ֆուտբոլի համար: «Բենֆիկան» պարզապես կատարեց օրենքը, ինչպես և «Բելենենսեշը», որը ստիպված էր խաղալ: Մենք բոլորս պետք է ամաչենք, բայց «Բենֆիկան» ոչ մի կերպ պատասխանատվություն չի կրում այս սև էջի համար:
Գիտեմ, թե ինչի միջով է անցնում «Բելենենսեշը» և խորապես ցավում եմ դրա համար: «Բենֆիկան» արեց այն, ինչ պարտավոր էր. դուրս եկավ խաղադաշտ՝ միավորների կորստի սպառնալիքի ներքո: Բայց եթե մենք ավելի շուտ խոսեինք, լուծում կգտնեինք: Ես թույլ չէի տա, որ պորտուգալական ֆուտբոլն անցներ այս սև էջի միջով, եթե դա իմ ուժերի սահմանում լիներ: Մեզ դուր չի գալիս նման իրավիճակը, ու ես գիտեմ, որ ֆուտբոլիստները շատ էին անհանգստանում դաշտում»,- Կոշտայի խոսքերն է փոխանցում TSF-ը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բելենենսեշի» մի շարք ֆուտբոլիտսներ չեն կարողացել մասնակցել այս խաղին: Ակումբը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է տեղափոխել խաղը, սակայն մերժում է ստացել: Արդունքում, մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել թիմի միայն 9 ֆուտբոլիստ՝ այդ թվում երկու դարպասապահ:
Առաջին կեսում «Բենֆիկան» 7 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում «Բելենենսեշը» դաշտ է դուրս եկել 7 ֆուտբոլիստով, իսկ խաղը շարունակելու սուլիչից անմիջապես հետո տանտերերի խաղացողներից մեկը նստել է խոտածածկին՝ վնասվածքի պատճառով: Մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել խաղը: