«Բարսելոնայի» և «Վիլյառեալի» ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել Պրիմերայի 15-րդ տուրի շրջանակում կայացած խաղից հետո, հայտնում է Marca -ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդերձարան տանող ճանապարհին «Վիլյառեալի» ներկայացուցիչներից մեկի և «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեի միջև քաշքշուկ է սկսվել: Կրքերը հանդարտեցնելու համար ստիպված են եղել միջամտել ոստիկանները:
Հաղորդվում է, որ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին դիմել է «Բարսայի» մարզիչներին և ասել. «Ինչպես միշտ, նրանք ամեն ինչ ձեզ տալիս են, ձեզ նվիրում են»:
Էմերիի հենց այս խոսքերն էլ, ըստ աղբյուրի, հրահրել են երկու ակումբների ներկայացուցիչների միջև բախումը:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» այդ խաղում 3-1 հաշվով հաղթանակ է տարել: Հյուրերը 2 գոլ են խփել խաղավարտին, որոնցից մեկը՝ 11-մետրանոցից: