UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է: 2019 թ-ին հայ մարզիկն իր առաջին քայլերը կատարեց UFC-ում: Անցկացրած 5 մենամարտից 4-ում Ծառուկյանը հաղթանակ է տարել, մեկում՝ պարտվել: ArmSport-ի հետ զրույցում 25-ամյա մարզիկը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի դրոշի տակ հանդես գալու, առաջիկա ծրագրերի և այլ թեմաների մասին:
Արմանը ծնունդով Ջավախքից է: Մինչև 11 տարեկան զբաղվել է ըմբշամարտով, հետո հաճախել է հոկեյի: 18 տարեկանից զբաղվում է MMA-ով:
«18 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստան և շատ կարճ ժամանակահատվածում լուրջ նվաճումների հասա՝ դարձա MMA-ի աշխարհի չեմպիոն, արժանացա Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի սպորտի վարպետի կոչման»,-ասաց Ծառուկյանը:
Չնայած նրան, որ մարզիկը Հայաստանում երբևէ չի բնակվել, նշում է, որ ցանկացած առիթ բաց չի թողնում Հայաստան գալու համար.
«Հայաստանն իմ հայրենիքն է: Որտեղ էլ ապրեմ՝ գալու եմ այստեղ: Սա իմ հայրենիքն է, ու ես հնարավորինս շատ եմ գալիս՝ տարին մի քանի անգամ: Ուտելիքը, բնությունը, ամեն ինչ իմ դուրը գալիս է այստեղ»,-նշեց մարզիկը:
UFC-ում 25-ամյա մարզիկը հանդես է գալիս հայկական դրոշի ներքո.
«Որպես հայ, ես ցանկանում եմ, որ հայ մարդը միշտ ներկայացնի Հայաստանի դրոշը: Նպատակս է, որ Հայաստանի դրոշի ներքո նվաճեմ չեմպիոնի կոչումը: Ռուսաստանից շատ մարզիկներ կան, որ UFC-ում են, դրա համար ես ուզում եմ, որ Հայաստանի դրոշի տակ հանդես գամ, ու բոլորն իմանան որ ես հայ եմ ու ներկայացնում եմ Հայաստանը»,-նշեց Ծառուկյանը:
Իր քաշային կարգում Արման Ծառուկյանը 13-րդն է 95 մարզիկների թվում: Չեմպիոնական գոտու համար կպահանջվի ևս 3-4 մենամարտ հաղթանակով անցկացնել.
«Հաջորդ մեամարտս փետրվարի 26-ին է: Մրցակիցս դեռ հայտնի չէ: Երկու-երեք հաղթանակից հետո արդեն հնարավորություն կունենամ պայքարել չեմպոնական գոտու համար»,-նշեց մարզիկը:
UFC-ում Հայաստանը ներկայացնելը Արմանի համար խոչընդոտներ է ստեղծել Ռուսաստանում.
«Հիմա Ռուսաստանում ցանկանում եմ մարզադահլիճ բացել, դիմել եմ պատկան մարմիններին, բայց ասացին, որ չեն կարող հովանավորել, քանի որ դու Հայաստանի դրոշի տակ ես հանդես գալիս: Պետք է ներկայացնեմ Ռուսաստանը, այդ դեպքում ամեն ինչ կանեն, ու ես վստահ եմ, որ այդ դեպքում նրանք ամեն ինչ կանեն, բայց ես հայ եմ ու ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը»,-ասաց երիտասարդ մարզիկը:
Խոսելով Հայաստանում մարզաձևի ներկայիս վիճակի մասին ռուսաստանաբնակ մարզիկն ասաց.
«Հայաստանում MMA-ի վիճակը վատ է, բայց առաջվա համեմատ մեծ առաջընթաց կա: Ինձ թվում է հետզհետե կզարգանա»,-նշեց Արմանը: