Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բենֆիկա» — «Բավարիա» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Գերմանիայի չեմպիոնի հաղթանակով՝ 4-0 հաշվով:
Մյունխենցիների դարպասը պաշտպանում էր Մանուել Նոյերը։ 35-ամյա դարպասապահի համար սա Չեմպիոնների լիգայի 100-րդ հանդիպումն էր Մյունխենի «Բավարիայի» կազմում: Նա դարձավ ակումբի պատմության չորրորդ խաղացողը, ով հասել է այս նշագծին:
Ռեկորդակիրը Թոմաս Մյուլերն է, ով իր ակտիվում ունի 128 հանդիպում: Նրան հաջորդում են Ֆիլիպ Լամը (105) և Օլիվեր Կանը (103):
Ավելացնենք, որ «Բավարիան» երրորդ անընդմեջ խոշոր հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Նագելսմանի թիմն ավելի վաղ հաղթել էր «Բարսելոնային» (3-0) և Կիևի «Դինամոյին» (5-0), և այժմ E խմբում զբաղեցնում է առաջին տեղը՝ 9 միավոր։