ԲԿՄԱ-ի և Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը ԲԿՄԱ-ի միակ ֆուտբոլիստն է (դարպասապահից բացի), ով մասնակցել է այս առաջնության բոլոր հանդիպումներին (90ր)։ ԲԿՄԱ-ի մեդիա թիմը զրուցել է Մկրտչյանի հետ.
ԲԿՄԱ տեղափոխվելու և Ռաֆայել Նազարյանի մասին
«ԲԿՄԱ տեղափոխվել եմ այս ամռանը, տղաներից մեծ մասի հետ ծանոթ էի տարբեր տարիքային հավաքականներից և շատ ժամանակ չպահանջվեց հարմարվելու և հասկանալու, որ ԲԿՄԱ-ն ոչ միայն ֆուտբոլային ակումբ է, այլ նաև ընտանիք։
Ռաֆայել Նազարյանի հետ առաջին անգամ աշխատել եմ այստեղ, շատ հեշտ և արագ կարողացա ընկալել՝ ինչ է պահանջում ինձանից, վերջինիս վստահությունը ինձ պարտավորեցնում է, որպեսզի քրտնաջան աշխատեմ և արդարացնեմ թե՛ նրա և թե՛ թիմակիցներիս ու հարազատներիս սպասելիքները»:
Առաջնության մեկնարկի և իրենց խաղի մասին
«Երկու փորձառու ֆուտբոլիստների կողքին հանդես գալը հավելյալ վստահություն է տալիս, հատկապես պաշտպանությունում սկսել ենք ավելի հստակ և վստահ խաղալ։
Ճիշտ է, առաջնության մեկնարկը լավ չսկսվեց մեզ համար, 8 խաղ 8 պարտություն, չնայած նրան, որ կային խաղեր, որտեղ խաղով հաղթել էինք մրցակիցներին, բայց ինչ-որ բան պակասում էր վերջնական արդյունքի հասնելու համար»:
Առաջնությունում առաջին հաղթանակի մասին
«Նորավանքի» դեմ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, ամենագլխավորը հոգեբանական առումով, և վստահ եմ, որ կնպաստի հետագա խաղերը հաղթելուն։ Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և հավատում ենք, որ կարող ենք արդարացնել մեր մարզիչների և երկրպագուների սպասելիքները»: