VBET ՀՊԼ 9-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Ալաշկերտին» ու խաղավարտին ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Էրիկ Վարդանյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» տուգանային իրացնելու իրավունք ստացավ, իսկ թիմի ֆուտբոլիստներ Ժոզե Էմբալոն ու Ալեքսանդր Գլիշիչը սկսեցին վիճլե՝ ով պետք է այն իրացնի: Ֆուտբոլիստներն անգամ հարվածեցին իրար: Գլիշիչն արդյունքում զգուշացվեց դեղին քարտով, իսկ տուգանայինն իրացրեց Էմբալոն:
Երբ թվում էր, թե «Փյունիկն» արդեն ապահովել է հաղթանակը, հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին մրցակիցը հավասարեցրեց հաշիվը. փոխարինման մտնելուց հետո աչքի ընկավ Տարոն Ոսկանյանը․ անկյունայինի խաղարկումից հետո նա գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Այսպիսով, «Փյունիկը» 15 միավորով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Սևանին», իսկ «Ալաշկերտը» 6 միավորով մնաց նախավերջին՝ 9-րդ տեղում։