Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ընտանիքի բարեկամը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստը որոշել ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը.
«Սպերցյանը հրավերի էր սպասում Ռուսաստանի բոլոր հավաքականներից՝ թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական: Նա ցանկանում էր խաղալ Ռուսաստանի կազմում: Նրա մայրը ռուս է, նա իր ապագան տեսնում էր Ռուսաստանի հավաքականում: Բայց այդպես էլ հրավեր չէր ստանում, նրանով հետաքրքրված չէին: Նրան ուշադրություն չէին դարձնում: Նրա կարիքը չունեին: Չնայած՝ «Կրասնոդարի» ներկայացուցիչները թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական հավաքականի մարզիչներին ասում էին, որ Սպերցյանը շատ տաղանդավոր տղա է:
2020 թվականի աշնանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում էր Զախարյանի և Սպերցյանի ուղղությամբ: Էդուարդը հույս ուներ, որ նրան կհրավիրեն գոնե Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ընկերական խաղերին. դա 2020-ի նոյեմբերին էր: Այդպես էլ հրավեր չստացավ: Դրանից հետո Սպերցյանը հոգնեց սպասելուց և որոշեց ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը: Չնայած այդ ժամանակ նա ոչ մի հայերեն բառ չգիտեր»,- Սպերցյանի ընտանիքի բարեկամի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Հիշեցնենք՝ Էդուարդ Սպերցյանը մինչ օրս Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 4 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ռումինիայի հետ տնային խաղում դառնալով գոլի հեղինակ: