Երեկ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակ ստացավ՝ որպես 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Լեհ հարձակվողը պատասխանեց այն հարցին, թե ինչն է իրեն դրդում հասնել բարձր արդյունքների:
«Նախ, ես ամեն խաղում մրցակցում եմ ինքս ինձ հետ: Իսկ հետո կան Մեսսին և Ռոնալդուն` երկու հիանալի խաղացողներ: Այն ամենը, ինչ նրանք արել են և անում են… Չեմ կարծում, որ առաջիկա տարիներին մենք կրկին նման բան կտեսնենք: Բայց ես փորձում եմ հասնել նրանց մակարդակին և ցուցադրել իմ որակները:
Ցանկանում եմ շարունակել գոլեր խփել, հաղթել և գավաթներ նվաճել իմ թիմի հետ: Գիտեմ, որ կան ֆանտաստիկ խաղ ցուցադրող նոր սերնդի խաղացողներ, բայց ես փորձ ունեմ և մտադիր եմ երկար մնալ ֆուտբոլում», — մեջբերում է Լևանդովսկուն Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին 29 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: