Չեմպիոնների լիգայի խմբային առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «ՌԲ Լայպցիգին» ու գոլառատ խաղում 5-3 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 16-րդ րոպեին բացել է Նատան Ակեն, 28-րդ րոպեին Նորդի Մուկիելեն անզգուշորեն գրավել է սեփական դարպասն ու կրկնապատկել տանտերերի առավելությունը: Մինչև ընդմիջում գերմանական թիմի ֆուտբոլիստները կարողացել են մեկ գնդակ ետ բերել. 42-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն գրավել է Գվարդիոլայի թիմի դարպասն ու կրճատել հաշվի տարբերությունը, սակայն առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցի իրավունք է վաստակել, որն անվրեպ է իրացրել Ռիյադ Մահրեզը՝հաշիվը դարձել է 3-1:
Երկրորդ կեսում երկրպագուները ևս 4 գոլի են ականատես եղել այս խաղում. նախ, հանդիպման 52-րդ րոպեին Նկունկուն դուբլ է ձևակերպել, բայց «Լայպցիգի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չի տևել: 56-րդ րոպեին Ջեք Գրիլիշը 4-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը: Ավելի ուշ պատկերը կրկնվել է. Նկունկուն ևս մեկ գոլ է գրանցել իր ակտիվում՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, բայց երկու րոպե անց «Սիթիի» կազմում արդեն Ժոաու Կանսելուն է աչքի ընկել խփած գնդակով՝ հաշիվը դարձնելով 5-3:
Ավելին, 79-րդ րոպեից «ՌԲ Լայպցիգը» խաղացել է 10 հոգով. Անխելինյոն, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից:
Խաղավարտին էլ «Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը՝ փոխարինման մտնելուց 5 րոպե անց դրել է հանդիպման վերջակետը՝ 6-3:
Ի տարբերություն այս հանդիպման, A խմբի մյուս զույգի՝ «Բրյուգեի» և ՊՍԺ-ի միջև խաղում սակավաթիվ գոլեր եղան: Բելգիայում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Անդեր Էրերայի՝ 15-րդ րոպեին խփած գոլին բելգիացիները պատասխանեցին կիսապաշտպան Հանս Վանակեի՝ 27-րդ րոպեին խփած գոլով: