Անգլիական Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցել է «Քրիսթալ Փելասի» հետ ու 0-3 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել։
Հանդիպման հիմնական գործողությունները ծավալվել են երկրորդ կեսում։ Նախ, 58-րդ րոպեից «Տոտենհեմը» խաղացել է 10 հոգով այն բանից հետո, երբ պաշտպան Ջաֆեթ Տանգանգան երկրորդ դեղին քարտը ստանալով` հեռացվել է խաղադաշտից։
Ավելի ուշ, «Քրիսթալ Փելասը» 11-մետրանոցի իրավունք է վաստակել, որն անվրեպ է իրացրել Ուիլֆրիդ Զահան, իսկ խաղավարտին Օդսոն Էդուարդը, որն իր նորամուտն է նշել լոնդոնցիների կազմում, դարձել է դուբլի հեղինակ։
Ի դեպ, սա «Տոտենհեմի» առաջին պարտությունն էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, ու նաև առաջինն էր գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանթուի գլխավորությամբ ԱՊԼ-ում։ Հաջորդ տուրում «Տոտենհեմը» տանը կմրցի «Չելսիի» հետ, իսկ «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս կխաղա «Լիվերպուլի» հետ։