Հայաստանի Պրեմիեր-լիգայի 6-րդ տուրում «Նորավանքը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Նոային» և վերջին վայրկյաններին բաց թողել հաղթանակը։ Հանդիպման հաշիվը խաղի արդեն 14-րդ րոպեին բացել է Վայոց Ձորի ակումբը ներկայացնող թիմի ֆուտբոլիստ Դավիթ Մինասյանը։
«Նոան», որը հաշիվը հավասարեցնելու մի շարք հնարավորություններ ուներ, պատասխան գնդակը հեղինակել է միայն հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին․ Մաքսիմ Մայրովիչը երևանյան թիմ վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում աչքի է ընկել խփած գնդակով ու իր թիմին փրկել պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Նորավանքը», որը վերջին երեք խաղում պարտություն էր կրել, իր միավորների թիվը հասցրել է 4-ի և շարունակում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնել։
«Նոան» շարունակում է 8-րդ տեղը գրավել` 5 խաղից հետո վաստակած 4 միավորով։