Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը ժամանակից շուտ Պրեմիեր լիգայի 4 խաղացողների հետ է ուղարկել իրենց ակումբներ՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոլիվիայի դեմ խաղից առաջ:
Անգլիա են վերադառնում Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան (երկուսն էլ՝ «Աստոն Վիլա»), Ջովանի Լո Չելսոն և Քրիստիան Ռոմերոն (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»):
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին այս չորս խաղացողների պատճառով Բրազիլիայի իշխանությունները դադարեցրին, իսկ հետո հետաձգեցին Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը:
Բրազիլիայի Առողջության վերահսկման ազգային գործակալության (Anvisa) պաշտոնյաները հայտնել են, որ Մարտինեսը, Բուենդիան, Լո Չելսոն և Ռոմերոն խախտել են երկրի՝ հակակորոնավիրուսային օրենքները:
Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանող յուրաքանչյուր անձ պետք է 14-օրյա կարանտինի ենթարկվի: Գործակալությունը պնդում է, որ Արգենտինայի հավաքականի չորս խաղացողներ կեղծ տեղեկություններ են հայտնել, պնդելով, որ նրանք վերջերս չեն այցելել Մեծ Բրիտանիա:
























































