Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում հաղթելն (3-1) ու հերթական տիտղոսը նվաճելը.
«Այս տիտղոսը շատ բան է նշանակում ինձ համար: Երկրպագուների համար սա շատ լավ խաղ էր՝ մի շարք գրոհներով: Մենք կարող ենք նույնիսկ ավելի լավ խաղալ, քան այսօր, մենք բոլորս մեր ճանապարհի սկզբում ենք: Մեզ դեռ ժամանակ է անհրաժեշտ:
Ես իսկապես շատ էի կարոտել երկրպագուների ներկայությամբ խաղալուն: Շատ էմոցիոնալ էր, և դա միշտ առանձնահատուկ զգացողություններ է առաջացնում:
Գերդ Մյուլերն առանձնահատուկ խաղացող էր և մարդ: Մենք գիտենք, թե նա ինչ նշանակություն ունի ֆուտբոլի պատմության համար: Ես միշտ փորձում եմ ուշադրություն դարձնել նրան, ինչին որ հասել է Գերդը»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք՝ 32-ամյա լեհ հարձակվողը 14-րդ խաղում անընդմեջ գոլ խփեց «Բավարիայի» կազմում և գերազանցեց իր իսկ ռեկորդը: Գերմանիայում անընդմեջ խաղերում գոլերի լավագույն շարքը պատկանում է Գերդ Մյուլերին, ով 1969/70 մրցաշրջանում 16 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: