Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Արթուր Դավթյանի ելույթից առաջ ArmSport-ի համար կիսվել է իր սպասելիքներով.
«Արթուրը մինչև այսօր փորձարկել է գործիքները, ամեն ինչ շատ լավ է, իրեն լավ է զգում, մնացածը՝ հետո:
Այսօր ամենակարևոր օրն է: Մեր հիմնական նպատակը հենացատկն է, նա հենացատկում է ուժեղ: Կարող է եզրափակիչ մտնել, բայց ամեն ինչ պարզ կլինի ելույթից հետո: Նժույգթափերում ևս հնարավորություններ ունի: Տեսել ենք մրցակիցների ելույթները: Այնպես չէ, որ չի կարող գերազանցել նրանց: Ամեն ինչ իրենից է կախված»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Խոսելով Տոկիո-2020-ի կազմակերպչական աշխատանքներից՝ Սերոբյանը նշել է.
«Լավ եմ գնահատում: Խնդիրներ կան քովիդի պատճառով: Մրցումներն էլ կարծես մրցում չլինի՝ հանդիսականների բացակայության պատճառով: Արդյոք Արթուրը երբեք դժգոհե՞լ է այդ փաստից. ոչ, Արթուրն առհասարակ ոչ մի բանից կյանքում չի դժգոհել: Ինքը սովոր է: Ես իրենից կյանքում դժգոհություն չեմ լսել»:
Հիշեցնենք՝ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է Տոկիոյի Օլիմպիական խաղերի աշխատանքներում որպես մրցավար:
Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում:
Հուլիսի 24-ին` 05:00-ից, մեկնարկել է սպորտային մարմնամարզության որակավորման փուլը, Դավթյանը պայքարի դուրս կգա 09:30-ից:
Նրա ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Գևորգ Ղազարյան՝ Տոկիոյից հատուկ ArmSport-ի համար