ՉԼ երկրորդ որակավորման փուլի՝ «Շերիֆի» դեմ տնային խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․
-Ինչո՞ւ պարտեցինք։ Խաղավարտին հոգնածություն կա՞ր։
-Խաղավարտին հոգնել էին ոչ միայն մեր խաղացողները, այլև՝ մրցակցի։ Պարտությունը կապում եմ նրա հետ, որ մրցակիցը մեզնից ավելի հաջողակ գտնվեց։ Նրանք մեզնից լավ չխաղացին, մեզնից շատ պահեր չստեղծեցին, այլև՝ հակառակը։ Զիջեցինք գրոհները իրացնելու հարցում։
-Ինչի հետ էր կապված գրոհներն իրացնել չկարողանալը։ Խաղացողները հասնում էին դարպասի մոտ ու, թվում էր, չգիտեն՝ ինչ անել գնդակի հետ։
-Անկեղծ պիտի խոստովանեմ, որ ես չէի խնդրել նրանց այդպես անել։
-Պատասխան խաղում հնարավո՞ր են անակնկալներ՝ օրինակ երկու հարձակվողով խաղ։
-Կարծում եմ՝ այստեղ անակնկալ բառը տեղին չէ։ Պիտի այս վերնաշապիկս փոխեմ, որովհետև հաղթական շարքն ընդհատվեց։ Իհարկե, գիտենք, որ «Շերիֆը» տանը ավելի ագրեսիվ է խաղում։ Երկրպագուներն էլ նրանց առաջ են մղելու։ Պիտի ճիշտ տակտիկա ընտրենք ու կտեսնենք։ Իհարկե, գնալու ենք այնտեղ հաղթանակի հետևից։