Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ, 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Բաքիրի հետ։ Վարդանյանը նախ 9-1 հաշվով հաղթել էր խորվաթ ըմբիշին, ապա քառորդ եզրափակչում 4-1 հաշվով առավելության է հասել չեխ ըմբիշի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Թոխաձեից՝ 3-11։
Մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել նաև 63 կգ քաշային հայ ըմբիշ Վլադիմիր Հարոյանը։ Նա 1/8 եզրափակչում 4-7 հաշվով զիջել է ռուս Վադիմ Բոգովին։
Մեկնարկային գոտեմարտում պարտվել է նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, սակայն 0-9 հաշվով զիջել է Դանիայի ներկայացուցչին։
70 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, չնայած մեկնարկում տարած 9-0 հաշվով հաղթանակին ֆին ըմբիշի նկատմամբ, 1/8-ում արդեն պարտություն է կրել։ Նա 0-4 հաշվով զիջել է թուրք ըմբիշին։
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականից դեռ պայքարի դուրս չեն եկել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 72 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 82 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 97 կգ քաշային Սամվել Սարգսյանը։