Գերմանական Դորտմունդ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը․ մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում։ Նա 10-0 հաշվով հաղթել է հույն մրցակցին: Խնձրցյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի իտալացի Սիմոնե Վինչենցո Պիրոդոուի հետ։
Մեր մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը երկու վստահ հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ։
Հարությունյանը նախ 10-0 հաշվով հաղթել է ավստրիացի ըմբիշին, ապա 12-2 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի մարզիկի նկատմամբ։
Մեր մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Կնյազ Իբոյանը ցավալի պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ, սակայն, 3-4 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Իսմայիլ Քուջուքսոլակին։
Մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել նաև 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը։ Նա որակավորման փուլում գոտեմարտել է ռուսասանցի ըմբիշի հետ և 4-6 հաշվով պարտություն է կրել։
Նշենք՝ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):