«Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիական «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդ Կամավինգային դարձրել է իր տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն այս ամռան համար։ Անգլիական ակումբը պաշտոնապես ցանկություն է հայտնել ձեռք բերելու ֆրանսիացի կիսապաշտպանին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Կարմիր սատանաներն» արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ շաբաթվա կեսերին ևս մեկ հանդիպում է նախատեսված «Մանչեսթեր Յունայթեդի» և Կամավինգայի ներկայացուցիչների միջև։
ՄՅՈՒ-ի ղեկավարները փորձում են համոզել 18-ամյա խաղացողին միանալ իրենց ակումբին, մինչդեռ Կամավինգայի համար նախընտրելի է ՊՍԺ-ի տարբերակը։ Կամավինգան նախատեսում է դեռևս հաջողությունների հասնել Ֆրանսիայում։ ՊՍԺ-ն դեռ ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է, բայց առաջարկը ցանկանում է հետաձգել մինչև նրա համար պահանջվող գումարը կնվազի։ Կամավինգայի գործող պայմանագիրը «Ռեննի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։