Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո «Ռեալ Մադրիդը» երկուշաբթի օրը վերսկսում է մարզումները։ Այն խաղացողները, ովքեր չէին մեկնել իրենց ազգային թիմեր, չորս օր հանգիստ են ստացել, մինչդեռ վնասվածք ունեցող չորս ֆուտբոլիստներ շարունակել են վերականգնողական աշխատանքները Վալդեբեբասի մարզաբազայում։
Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ այս շաբաթ լազարեթում գտնվող ինը խաղացողներից շատերը կվերադառնան ընդհանուր խումբ։
Ակումբը սպասում է հավաքական մեկնած ֆուտբոլիստների վերադարձին (11-ից 3-ն արդեն վերադարձել են)՝ գնահատելու նրանց վիճակը «Էլչեի» դեմ կիրակնօրյա խաղից առաջ։ Հեռանկարները լավն են. ակնկալվում է, որ առնվազն հինգ խաղացող կվերականգնվի և պատրաստ կլինի խաղին։
Վալվերդեն և Կուրտուան, ովքեր ֆիզիկական խնդիրների պատճառով բաց թողեցին իրենց հավաքականների խաղերը, կավարտեն իրենց 12-օրյա վերականգնման ժամկետը և, ամենայն հավանականությամբ, կխաղան «Մարտինես Վալերո» մարզադաշտում։
Դեռևս կասկածի տակ է Ռուդիգերի, Չուամենիի և Մաստանտուոնոյի մասնակցությունը։ Դանի Կարվախալի վերադարձն այս խաղին բացառվում է։
Մարզչական շտաբը կարող է որոշ վերականգնվածների ընդգրկել հայտացուցակում, սակայն հարցական է՝ արդյոք նրանք խաղադաշտ դուրս կգան՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի շրջանակներում նոյեմբերի 26-ին «Օլիմպիակոսի» դեմ սպասվող կարևոր այցը։
Արդեն իսկ Մադրիդ են վերադարձել Մբապեն, Կամավինգան և Հոյսենը։ Նրանցից միայն Մբապեն է մեկ հանդիպում անցկացրել։ Կամավինգան և Հոյսենը չեն խաղացել ֆիզիկական խնդիրների պատճառով։ Ինքը՝ Մբապեն, Դիդիե Դեշամի թույլտվությամբ է վաղ վերադարձել՝ կոճի փոքր խնդրից լիովին ապաքինվելու համար։ Ակնկալվում է, որ այս երեք ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն «Էլչեի» դեմ խաղին։
Ակումբը դեռ սպասում է մյուս ութ խաղացողների՝ Բելինգհեմի (Անգլիա), Ալաբայի (Ավստրիա), Արդա Գյուլերի (Թուրքիա), Բրահիմի (Մարոկկո), Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Միլիտաոյի (Բրազիլիա) և Գոնսալոյի (Իսպանիա Մ-21) վերադարձին։ Նրանք շաբաթվա ընթացքում կմիանան թիմին, որից հետո Խաբի Ալոնսոն կգնահատի նրանց վիճակը և կորոշի՝ ընդգրկել նրանց առաջիկա խաղի հայտացուցակում, թե ոչ։
Աղբյուրը՝ Sport.es


























































