Բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ երկարաձգման հնարավորությամբ, հաղորդում է ակումբը իր կայքում։
«Դժվար է բառերով արտահայտել, թե որքան եմ ոգևորված «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող լինելով։ Բրազիլիայում մանկուց, երբ տատիկիս տանը հեռուստացույցով դիտում էի Պրեմիեր լիգան, «Մանչեսթեր Յունայթեդը» եղել է իմ սիրելի անգլիական թիմը, և երազանք է եղել կարմիր մարզաշապիկը կրելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս և բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ իրականացնել այս երազանքը։
Ես անհամբեր սպասում եմ նախամրցաշրջանային խաղերի մեկնարկին, թիմակիցներիս հետ ծանոթանալուն և առաջիկա մրցաշրջանին պատրաստվելուն։ Հիմա ես լիովին կենտրոնացած եմ թիմի արժեքավոր մասը լինելու և այս ակումբին իր արժանի տեղը վերադառնալ օգնելու վրա», — ասել է Կունյան։
Ընդգծվել է, որ մանկունիանցիները չորս կամ հինգ տարվա ընթացքում կվճարեն 62.5 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 74 միլիոն եվրո) տրանսֆերի գումարը։
Անցած մրցաշրջանում Կունյան հանդես է եկել «Վուլերհեմփթոնում», որի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում խփել է 17 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված էր մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։




























































