Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, որի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվել է, տեղափոխվել է միլանյան մեկ այլ թիմ՝ «Ինտեր»։
Ֆուտբոլիստն «Ինտերի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։
Հաղորդվում է, որ ըստ պայմանագրի, Չալհանօղլուն մրցաշրջանի ընթացքում 5 մլն եվրո կստանա։ Եվս մեկ միլիոն եվրո նախատեսված է որպես բոնուս։
Չալհանօղլուն 2017 թվականից էր հանդես գալիս «Միլանում»։ Թուրք ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։
Ավելի վաղ նա հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում», «Համբուրգում» և «Կարլսրուեում»։ Ավարտված մրցաշրջանում նա Ա Սերիայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։