Եվրո-2020-ի F խմբի խաղերը մեկնարկեցին Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա մրցավեճով։
Պորտուգալացիները դժվարին, բայց վստահ հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին միայն խաղավարտին։
Առաջին կեսում հունգարացիները շատ լավ դիմադրություն էին ցույց տալիս Պորտուգալիայի հավաքականի խաղացողներին, բայց երկրորդ կեսի վերջնամասում արդեն չկարողացան դիմադրել։
Հանդիպման հաշիվը բացվեց 84-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ռաֆաել Գերեյրուն։ 3 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց հունգարացիների դարպասին և գնդակին մոտեցած Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց հարվածը։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին Ռոնալդուն ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին։