Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավատարմագրման հետ կապված խնդիրներ ունեն նաև հայաստանցի մարզական լրագրողները։ Մասնավորապես, NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանի և Vnews-ի լրագրող Կարեն Ռաֆայելյանի հավատարմագրումն ՈՒԵՖԱ-ի կողմից մերժվել է ընդունող երկրների իրավապահների ստուգումներից հետո։
«3 շաբաթ առաջ ՈՒԵՖԱ-ից ստացել եմ հավատարմագրման հաստատումը, որի մեջ նաև նշվում էր, որ չնայած հաստատմանը, այն դեռ պետք է ենթարկվի ընդունող երկրների իրավապահ մարմինների քննությանը:
Այսօր ստացա այս նամակը, որը ասում է, թե ընդունող երկրների իրավապահների սքրինինգից հետո ինձ մերժում են: Պարզ է, որ խոսքը Ադրբեջանի մասին է: Փաստորեն հայերիս համար ԵՎՐՈ-ն փակ էր: Բաքուն փաստորեն ոչ միայն առել է խաղերը ընդունելու, այլև դռներ փակելու իրավունք ու իր ուզածի պես դա օգտագործում է, իսկ ՈՒԵՖԱ-ի համար սա մեծ խայտառակություն է, չնայած, գուցե և հաջողված գործարք…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Ռաֆայելյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանն արգելափակել էր նաև Матч ТВ-ի մարզական մեկնաբաններ Նոբել Առուստամյանի, Կոնստանտին Գենիչի և հավատարմագրումները` 2009 թվականին Արցախ այցելելու պատճառով։ Նույն պատճառով «Матч ТВ»-ի մեկ այլ մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն էլ հունիսի 11-ին Բաքվի օդանավակայանում թույլ չէին տվել հատել Ադրբեջանի սահմանը և նույն ինքնաթիռով հետ էին ուղարկել Մոսկվա։ Նա պետք է լուսաբաներ հունիսի 12-ին Բաքվում նախատեսված Ուելս — Շվեյցարիա հանդիպումը։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ ՄԻՊ-ի ջանքերով հարցը կարգավորվել էր և ռուսաստանցի լրագրողները ստացել էին իրենց հավատարմագրումները` Եվրոպայի առաջնության խաղերին աշխատելու համար։
Նշենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատում է հայ լրագրողների հավատարմագրումների հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ ՀՖՖ-ից արդեն նամակով դիմել են ՈՒԵՖԱ-ին։