Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոզենը պատմել է Եվրո-2020-ի` Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղում Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Երբ Քրիստիանն ընկավ, մեզ ակնթարթորեն կանչեցին խաղադաշտ: Ամենասկզբից չտեսա, բայց արագ պարզ դարձավ, որ նա ինքն է ընկել: Երբ մենք վազեցինք, Էրիկսենը բերանքսիվայր ընկած էր ու շնչում էր: Մենք զգացինք անոթազարկը, բայց շատ արագ պատկերը փոփոխվեց, ու այդ ժամանակ առանց վարանելու սրտի մերսում սկսեցինք:
Մարզադաշտի բժիշկների ու արտակարգ իրավիճակների մյուս աշխատակիցների կողմից ֆանտաստիկ օգնություն ստացանք ու շնորհիվ դրա կարողացանք անել այն, ինչն ուղղակի անհրաժեշտ էր անել: Մենք Քրիստիանին գիտակցության բերեցինք: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, նա խոսեց ինձ հետ»,- բժշկի խոսքերն է փոխանցում BT-ն: