Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Ֆրանսիայի Բաց առաջնությանը՝ Ռոլան Գարոսին.
«Ողջույն բոլորին: Սա այն իրավիճակը չէ, որ ես երբևէ կպատկերացնեի, որ կլինի, երբ մի քանի օր առաջ գրառում էի անում: Կարծում եմ՝ հիմա մրցաշարի, մյուս թենիսիստների և իմ բարօրության համար ամենալավն այն կլինի, որ ես լքեմ մրցաշարը, որպեսզի բոլորը կարողանան վերադառնալ Փարիզում ընթացող թենիսին: Ես երբեք չեմ ցանկացել ուշադրություն գրավել և ընդունում եմ, որ իմ ուղերձը կարող էր ավելի հստակ լինել:
Ես ԱՄՆ-ի 2018 թվականի Բաց առաջնությունից ի վեր տառապում եմ շարունակական դեպրեսիայից և ես իսկապես շատ բարդ ժամանակներ եմ ապրել՝ դա հաղթահարելով: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ինտրովերտ եմ, ու շատերը նկատած կլինեն, որ մրցումների ժամանակ ես ականջակալներով եմ, քանի որ դա օգնում է խլացնել տագնապը:
Չնայած մամուլը միշտ բարյացակամ է եղել իմ նկատմամբ (և ես ցանկանում եմ ներողություն խնդրել այն հիանալի լրագրողներից, որոնց գուցե նեղացրել եմ), ես իմ էությամբ հանրային մարդ չեմ և շատ եմ լարվում՝ համաշխարհային մեդիայի առաջ խոսելիս: Ես իսկապես շատ եմ լարվում ու կարծում եմ՝ սթրեսային է, երբ ամեն անգամ փորձում եմ լավագույնս պատասխանել ձեր հարցերին ու հետաքրքիր լինել ձեզ համար:Այսպիսով, այստեղ՝ Փարիզում, ես որոշեցի իմ բարօրության համար բաց թողնել մամուլի ասուլիսները՝ այդ մասին նախապես հայտնելով կազմակերպիչներին ու ներողություն խնդրելով: Ես պատաստ էի հարցազրույցներ տալ մրցաշարի ավարտից հետո: Կարծում եմ՝ պետք է քննարկել և գտնել լավագույն տարբերակը մարզիկների, լրագրողների և երկրպագուների համար»,- գրել է Օսական Instagram-ի իր էջում:
Մինչև մրցաշարի մեկնարկը Օսական տեղեկացրել էր, որ մտադիր չէ շփվել լրագրողների հետ: Երեկ նա տուգանվել է 15 հազար դոլարով՝ մամուլի ասուլիսը բաց թողնելու համար: