Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում է ընդլայնել երրորդ մարզական խաղերի ծրագիրը: Ինչպես հայտնի է, Եվրոպական 3-րդ խաղերը կայանալու են Լեհաստանում՝ 2023թ.-ին:
Ծրագիրը համալրվել է նոր՝ պադել մարզաձևով, որը միավորում է դասական թենիսն ու սկվոշը, հայտնում է ՀԱՕԿ-ը: Պադելի միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1991թ.-ին և առաջին անգամ կներկայացվի նման խոշոր ստուգատեսում:
Լեհաստանում կխաղարկվի մեդալային երեք հավաքածու. տղամարդկանց և կանանց զուգախաղեր, խառը զուգախաղեր: Մեդալների համար կպայքարի եվրոպացի 64 մարզիկ-մարզուհի:
Այն արդեն գրանցված է աշխարհի ավելի քան 90 երկրում, իսկ ամենատիտղոսակիր մարզիկներն են Իսպանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները: Ի դեպ, պադելի երկրպագուների շարքում են հայտնի ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Ֆրանչեսկո Տոտին, Ջանլուկա Ձամբրոտան, Կառլես Պույոլը, Ժերար Պիկեն և այլոք: