Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցել է 22 ֆուտբոլիստ: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել է թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:
ՀՖՖ-ն հայտնում է, որ հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը, հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ է տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվել են ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվել են սովորական ռեժիմով:
Այսօր թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, իսկ Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը: