2018 թվականի ապրիլին բռնցքամարտի WBO և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անցկացրեց իր վերջին մենամարտն, իսկ այս տարվա հունվարին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարության հետ զրույցում Արթուր Աբրահամը պատմել է իր ներկայիս զբաղվածության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է անցկացնում ժամանակը բռնցքամարտը թողնելուց հետո․
«Ես հիմա շատ ուրախ եմ, որ չեմ զբաղվում բռնցքամարտով։ Հիմա ես վայելում եմ կյանքս, ինչը չէի անում մինչև երկու տարի առաջ։ Մարդիկ մտածում են՝ եթե դու մարզիկ ես, ուրեմն շատ լավ կյանք ունես, բայց դա այդպես չէ։ Մենք տարեկան 7-8 ամիս հավաքների տեղում ենք, կարիք չունենք ջինս հագնելու, որովհետև ոչ մի տեղ չենք գնում։ Չենք տեսնում մեր ընտանիքի անդամներին։ Իսկ հիմա ես վայելում եմ կյանքը։ Երեք երեխա ունեմ, առավոտյան արթնանում եմ, նրանց եմ տեսնում, զբաղվում եմ իմ գործերով։ Ամենամեծ հաճույքը դա է՝ ժամանակ ունես մարդկանց հետ շփվելու, հիմա Հայաստանում հանդիպում եմ հարազատներիս, շփվում նրանց հետ։ Այն ժամանակ ամիսներով չէի տեսնում ծնողներիս, ժամանակ չունեի գնայի մայրիկիս համբուրեի»,- պատմել է Արթուր Աբրահամը։
Արթուր Աբրահամը հայտնել է նաև, որ պատրաստվում է Ներքին Չարբախում խաղահրապարակ և բռնցքամարտի դպրոց կառուցել երեխաների համար․
«Մի փոքր անկյուն էլ կլինի ֆուտբոլի համար, քանի որ յուրաքանչյուր երեխայի համար, կարծում եմ, ֆուտբոլը շատ սիրված սպորտաձև է։ Ինձ համար նույնպես։ Ես ֆուտբոլ ավելի շատ եմ սիրել, քան բռնցքամարտ։ Կփորձենք երեխաներին ինչ-որ բանով օգուտ տալ, որպեսզի կտրվեն փողոցից, զբաղվեն սպորտով, լինեն առողջ, ու եթե հազարից մեկը կամ երկուսը լինեն բարձր մակարդակի մարզիկ, դա արդեն մեծ բան կլինի ամբողջ ազգի համար»,- ասել է անվանի մարզիկը։