Kozhakhmet_inside_official տելեգրամյան ալիքը բավականին հետաքրքիր հրապարակում է արել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերաբերյալ։
Ապրիլի 23-ին Մինասյանի գլխավորած «Տարազը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտություն է կրել «Կասպիից»։ Այդուհանդերձ, պարզվում է՝ խաղից հետո «Կասպիի» գլխավոր մարզիչը բավականին հետաքրքիր հաղորդագրություն է ուղարկել Մինասյանին։
Ներկայացնում ենք Kozhakhmet_inside_official-ի՝ «Մարզչի խոստավանություն» վերնագրով հոդվածի ամբողջական թարգմանությունը․
«Թույլ տվեք ձեզ պատմել մի թարմ պատմություն: Դրանում ոչ մի աղմկահարույց կամ շոկային ցնցող բան չկա: Պարզապես դա մի բարի պատմություն է, որը տեղի է ունեցել երեկ: Չգիտեմ ինչով, բայց այն ինձ տպավորեց:
Երեկ «Կասպին» իր դաշտում հաղթեց «Տարազին»: Անձամբ ես այս խաղից ավելի մեծ սպասելիքներ ունեի, կարծում եմ ՝ ինչպես բոլորը, ովքեր դիտել են այն: Ի վերջո, մենք դիլետանտ ենք, ովքեր քիչ են հասկանում նրբությունները: Մինչդեռ երեկ Ակտաուում ուղղակի ֆուտբոլ չէր, այլ իսկական շախմատ: Մաքուր մարզչական մենամարտ:
Նախորդ մրցաշրջանում սերբ Սրջան Բլագոևիչը (խմբ․ «Կասպիի» գլխավոր մարզիչը) շատերին ստիպեց սիրահարվել այն խաղին, որը նա կառուցել էր թույլ ակումբ գլխավորելիս, որտեղ ոչ ամենաուժեղ կատարողներն էին հանդես գալիս: Բլագոևիչն արդեն բավականին շատ հաճոյախոսություններ է ստացել այս առիթով։
Մինասյանն այս տարի նույնպես թարմ շունչ հաղորդեց մեր ֆուտբոլին: Նրա գլխավորությամբ «Տարազը» մինչև երեկ երբեք պարտություն չէր կրել և առանձնանում էր նրանով, որ յուրաքանչյուր մրցակցի դեմ ժամբիլցիներն ընտրում էին ճիշտ մարտավարություն, նրանք մանրակրկիտ ուսումնասիրում էին մրցակցին և շախ ու մատ անում նրանց:
Եվ ահա թվաց, որ երեկ Բլագոևիչը հաղթեց այս մենամարտում, թեկուզ ոչ շատ ակնհայտ 11 մետրանոցի շնորհիվ: Եվ սերբը պետք է իրեն հաղթող համարեր և պատրանքային առավելություն ունենար հայ մասնագետի նկատմամբ, սակայն թվում է՝ դա այդպես չէ, ընդ որում հենց «Կասպիի» գլխավոր մարզչի համար:
Խաղից հետո Բլագոևիչը գտնում է Մինասյանի հեռախոսահամարը՝ ուղարկելով նրան հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն (բառացիությունը չեմ կարող երաշխավորել, բայց իմաստը հետևյալն է).
«Իմ մարզչական կարիերայում Դուք առաջին մարզիչն եք, ով ստիպեց ինձ հեռանալ իմ դավանած ֆուտբոլից և խաղալ ուղղակի հաշիվը պահելու համար, առաջին մարզիչն եք, ով ստիպեց ինձ վերակառուցվել և պարզապես պաշտպանվել: Կարող ենք մի օր հանդիպել և խոսել ֆուտբոլի մասին,մտքեր և տեսակետներ փոխանակել»:
Չգիտեմ ինչպես ձեզ, բայց ինձ դուր է գալիս այսպիսի մոտեցումը: Երբ հարգանք կա գործընկերոջ նկատմամբ: Երբ հաղթողը չի ամաչում պարտվողի գերազանցությունը ընդունելուց: Այս երևույթը ազնիվ է, գեղեցիկ և ուժեղ»,- գրել է ղազախ լրագրողը: