Լեհաստանում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը հաղթել է երկու սփոփիչ գոտեմարտերում ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Առաջին սփոփիչ գոտեմարտում Չալյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Մարկ Վեբերի նկատմամբ, իսկ երկրորդում 5-4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Յարոսլավ Ֆլիչակովի նկատմամբ։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեի հետ։
Նշենք՝ Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ։ 1/8 եզրափակչում, սակայն, մեր հայրենակիցը 5-3 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևին։ Ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Չալյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք էր ստացել։