«Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակների կապակցությամբ։ Միանշանակ կարող եմ ասել, որ մարզչի աշխատանքն ու թիմի ձեռագիրն ընդգծվում է: Թիմը կայանում է, և այս 7 խաղը, որ հավաքականը չի պարտվում, հենց մարզչական աշխատանքի շնորհիվ է»,- այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը` անդրադառնալով ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկին։
«Ինչ վերաբերվում է հենց խաղին, ասեմ, որ դժվար սկսվեց մեզ համար, քանի որ Իսլանդիան ճնշում էր գործադրում, բայց հետո մեր ֆուտբոլիստները լավ աշխատեցին ու կարողացան բեկում մտցնել խաղում։ Երկրորդ կեսում ավելի սուր էինք գործում ու ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ կարողացանք երկու լավ հակագրոհ կազմակերպել ու անհատական որակների շնորհիվ եզրափակել այդ գրոհները։ Իդեալականին մոտ պաշտպանվեցինք, մեր կենտրոնական պաշտպանները գրեթե անսխալ գործեցին»,-ասաց Պաչաջյանը։
Անդրադառնալով Մխիթարյանի բացակայությանը հայ ֆուտբոլիստը նշեց․ «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ անկախ հանգամանքներից, լուրջ կորուստ է հավաքականի համար։ Հուսով եմ, որ հաջորդ խաղերին Մխիթարյանի գալով էլ ավելի կուժեղանանք, բայց պետք է նշեմ, որ մարզչի աշխատանքի շնորհիվ մեր թիմը հիմա մեկ ֆուտբոլիստի վրա չէ կառուցված։ Սա իրոք մարզչական մեծ աշխատանք է՝ թիմային խաղն ընդգծվում է, բայց Հենոն այն ֆուտբոլիստն է, որ ցանկացած թիմի համար մեծ զենք է ու կարող է ցանկացած մրցակցի դեմ խաղում վճռել խաղի ելքը»:
Ռումինիայի հետ խաղում այս ոգևորվածության ֆոնի վրա մեր հաղթանակն ավելի իրատեսական է համարում Լևոն Պաչաջյանը։ «Մենք կարող ենք տանը հաղթել՝ միայն պետք է շատ լավ պատրաստվել ֆիզիկապես ու հոգեբանորեն։ Լուրջ վնասվածքներ չունենք։ Բոլոր ֆուտբոլիստները մարզչի տրամադրության տակ են։ Անհատապես պետք է չեզոքացնել ռումինացիներին, քանի որ տեխնիկապես ուժեղ ու զարգացած թիմ են։ Կարևոր է լինելու նաև մեր պահերը օգտագործել, քանի որ մեկ գոլը կարող է վճռել խաղի ելքը։ Միանշանակ դրական եմ տրամադրված և հուսով եմ` այս երեք խաղերում 9 հնարավորից հենց 9 միավոր կվաստակենք»,-եզրափակեց Պաչաջյանը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 6 միավորով՝ Գերմանիայի ընտրանու հետ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկու օր անց՝ մարտի 31-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ռումինիայի ազգային թիմին։ Վերջինս երեկ նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին։
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ