Առաջին խումբը ներկայացնող «Նորավանքը» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում:
Այն կառուցվել է 1986-87 թվականներին: Այստեղ ժամանակ առ ժամանակ իր տնային հանդիպումներն է անցկացրել «Արփա» ակումբը, որը հանդես է եկել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Վերջին երկու տասնամյակում այստեղ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացվել: 2014-15 թվականներին մարզադաշտը մասնակի վերանոգորվել է:
Նախորդ տարի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Նորավանքը» հայտարարեց մարզադաշտի վերակառուցման մասին: Ներկայումս իրականացվում են շինարարական վերջին աշխատանքները։ «Նորավանք» սպորտային ակումբից ArmSport-ը տեղեկացավ, որ ակումբը նախատեսում է 2021-22 մրցաշրջանում իր տնային հանդիպումներն անցկացնել «Արևիկ» մարզադաշտում։ Մարզադաշտը ունենալու է ավելի քան 1000 նստատեղով տրիբունա։ Այն կարող է ընդունել ֆուտբոլի Հայաստանի Առաջին Խմբի և Vbet Պրեմիեր լիգայի հանդիպումները։
Ի դեպ, «Արևիկ» մարզադաշտը իր մարզական ենթակառուցվածքներով որևէ առանձնահատկություն չունի, սակայն այն ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք: Մարզադաշտը գտնվում է Արփա գետի ափին: Մի կողմից այն շրջապատված է սոճիների գեղեցիկ պուրակով, մյուս կողմից` ժայռերով:
Այս տեսանկյունից «Արևիկ» մարզադաշտը կարելի է դասել աշխարհի ամենագեղատեսիլ մարզադաշտերի շարքին:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ