Հունվարի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի անդամությունը ՀՖՖ-ին կասեցվել է։ Ավելի ուշ ՀՖՖ-ն տեղեկացրեց, որ հայկական երկու ակումբ, որոնցից մեկը «Սևանն» էր, ՖԻՖԱ-ի կողմից զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից։ Պատճառը թիմի նախկին ֆուտբոլիստ Դարկո Ենոքի բողոքն էր։
Այս երկու հարցի հետ կապված էլ ArmSport-ը զրուցել է ակումբի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանի հետ։
-Պարո՛ն Չախոյան, Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ «Սևանը» զրկվել է ՀՖՖ անդամությունից։ Կմեկնաբանե՞ք այդ որոշումը։
-Անդամությունից զրկվելու որոշումը կասեցվել է։ Փետրվարի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ժողովի ժամանակ (խոսքը արտահերթ ժողովի մասին է՝ հեղ․) «Սևան» ակումբի վրայից այդ կասեցումը հանվել է։
-Այսինքն՝ ժողովի որոշման արդյունքում «Սևանը» հիմա նորից ՀՖՖ անդա՞մ է։
-Այո։
-Ակումբը զրկվել էր նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից։ Ի՞նչն էր պատճառը իրականում։
-Կոպիտ ասած տեխնիկական խնդիր էր, որը կապված էր Դարկո Ենոքի հետ։
-Ի՞նչ տեխնիկական խնդիր էր։
— Նա վարձավճարով էր հանդես եկել «Սևանի» կազմում, ուր տեղափոխվել էր «Լոռիից»։ Հետո ֆինանսական փոքրիկ պարտավորություն կար, որ «Սևանը» պետք է կատարեր ու այդ պարտավորությունը կատարելուց հետո տրանսֆերային արգելքը ևս «Սևանի» վրայից հանված է։
-Այսինքն՝ վճարումներն արվե՞լ են արդեն։
-Այո, մեկ վճարում է եղել։
-Իսկ այն ժամանակ այդ վճարումը տեխնիկական խնդիրների պատճառո՞վ չէր արվել։
-Քանի որ նա «Լոռիից» էր տեղափոխվել «Սևան», երկու ակումբների ու խաղացողի միջև փոքրիկ անհամաձայնություն էր եղել ու այդ գումարը մնացել էր, հետո պարզվեց, որ «Սևանը» պիտի վճարի, «Սևանն» էլ վճարեց։
Ստելլա Բաբլոյան