«Անակնկալներ չկային, բայց ուրախալին այն է, որ տղաները գտնվում են իրենց լավագույն մարզավիճակի 80 տոկոսի սահմաններում: Այսինքն մնում է մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը` այս երկու ամսվա ընթացքում մի քիչ էլ ավելացնենք»,-ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու 102, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Սա փորձամրցում էր, քանի որ տղաները գրեթե 2 տարի մրցահարթակ չեն բարձրացել: Խոշոր մրցումներից առաջ պետք է, որ մարզիկը անպայման 1-2 անգամ մրցաշարի մասնակցած լինի, մրցահարթակ դուրս եկած լինի»,-ասաց Ալավերդյանը:
Անդրադառնալով գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Վարազդատ Լալայանի ելույթին, Ալավերդյանը նշեց. «Լալայանի մրցակցությունը Գոռի հետ կերևա Եվրոպայի առաջնության ընթացքում»:
Հավաքականի մարզիչն անդրադարձավ նաև վնասվածք ստացած մարզիկներին. «Հավաքականում վնասվածք ունեցողներ շատ կան, բայց ինձ օգնողներ չկան, որ դրանք բուժենք: Բայց ամեն դեպքում, մենք մեր ուժերով փորձում ենք բուժել: Ով չի վերականգնվի, չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Ալավերդյանը և հավելեց, որ վերականգնման մասին պետք է հարցնել բժիշկներին. «Ես սպորտային բժիշկ չեմ, տրավմատոլոգ չեմ, բայց ձգտելու ենք հասցնել»,-նշեց մարզիչը:
Փաշիկ Ալավերդյանը նաև նշեց, որ իրենց ֆինանսապես օգնող չկա, իսկ բուժումը` ոչ մեկ հենց այնպես չի անի., «Ինձ ֆինանսապես ոչ մեկ չի օգնում: Ոչ մեկ հենց այնպես չի բուժի մեզ: Բուժումը դա աբստրակտ օր է: Չես կարող ասել, թե քանի օրից կբուժվի: Բացի նրանից որ պետք է բուժվի, նաև 200 կգ պետք է բարձրացնի գլխավերևում».-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ միջոցներով են հիմա կարողանում ստանալ բուժում Ալավերդյանն արձագանքեց. «Կարող եք գնալ բանկում հարցնել, թե ինչքան վարկ ունեմ ես վերցրած»,-եզրափակեց Փաշիկ Ալավերդյանը: