Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցել է «Ինտերի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել։ Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 9-րդ րոպեին բացել են տանտերերը․ Լաուտարո Մարտինեսն է խփել իր թիմի առաջին ու վերջին գնդակն այս խաղում։ 26-րդ րոպեին թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը ու հավասարեցրել հաշիվը, իսկ 35-րդ րոպեին դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 9-ին Թուրինում։ Մրցաշարի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» ջախջախեց ՍՊԱԼ-ին (4-0), իսկ «Ինտերը» 2-1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։
Կիսաեզրափակիչ մյուս խաղում կհանդիպեն «Ատալանտան» և «Նապոլին»։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին։